Մի հասարակ սերբական եզի մտորումները

Տարատեսակ հրաշքներ են տեղի ունենում աշխարհում, և մեր երկիրը, ինչպես շատերն են ասում, այնքան լեփ-լեցուն է հրաշքներով, որ դրանք այլևս հրաշքի տպավորություն չեն թողնում։ Այստեղ կան այնպիսի մարդիկ, ովքեր, չնայած բարձր պաշտոններ են զբաղեցնում, ընդհանրապես չեն մտածում, ու որպեսզի հավասարակշռություն լինի, կամ, գուցե, այլ պատճառով, մի հասարական գյուղական եզ, որը ոչ մի բանով չի տարբերվում սերբական մյուս եզերից, սկսեց մտածել։ Աստված գիտի, թե ինչն էր ստիպել այս հանճարեղ կենդանուն հանդգնել նման ծանր ջանք գործադրել, հատկապես երբ Սերբիայում արդեն վաղուց համոզվել են, որ այս կործանարար զբաղմունքը կարող է միայն վնաս հասցնել։ Ուրեմն, կարող ենք ասել, որ այս խեղճ արարածը այնքան միամիտ էր, որ չգիտեր, որ այս զբաղմունքը իր հայրենիքում շահութաբեր չի համարվում, ուստի սխալ կլինի նրան վերագրել ինչ-որ քաղաքացիական խիզախություն։ Սակայն դեռ առեղծվածային է մնում այն, թե ինչու պետք է եզը մտածի, եթե նա ո՛չ ընտրող է, ո՛չ համայնքային խորհրդի անդամ, ո՛չ գյուղական ավագանի, ո՛չ էլ երբևէ պատգամավորի պաշտոն է զբաղեցրել որևէ եզային ժողովում, կամ էլ սենատորի (եթե արդեն հասել է այդ տարիքին): Եվ եթե խեղճը երբևէ երազել է դառնալ որևէ եզական երկրի նախարար, նա պետք է որ իմանար, որ այդ դեպքում, ընդհակառակը, պետք է մարզված լինել որքան հնարավոր է քիչ մտածելուն, ինչպես մի շարք համեմատաբար երջանիկ երկրների նախարարներն են անում, չնայած մեր երկրի բախտը այս առումով էլ չի բերել։ Եվ վերջում, մեզ ի՞նչ պետք է մտածել այն մասին, թե ինչու է Սերբիայում եզը մարդկանց կողմից լքված այս զբաղմունքը հանձն առել։ Հնարավոր է նաև, որ նրա այս արարքի հիմքում այդ կենդանու որևէ բնազդներից մեկն է ընկած։

Այսպիսով, ինպիսի՞ եզ էր դա։ Մի սովորական եզ, որը ինչպես կենդանաբանությունից ենք սովորել, ունի գլուխ, մարմին ու վերջույթներ, ինչպես մյուս բոլոր եզերը։ Նա սայլ է քաշում, խոտ է արածում, աղ է լպստում, որոճում է ու զռռում։ Նրա անունն է Սիվոնյա, կամ մոխրագույն եզ։

Ահա թե ինչպես ստացվեց, որ նա սկսեց մտածել։ Մի օր իր տերը սայլին լծեց իրեն ու իր ընկերոջը՝ սևուկ եզ Գալոնյային, սայլը բեռնեց գողացված տախտակներով և տարավ դրանք քաղաքում վաճառելու։ Քաղաք մտնելուց համարյա անմիջապես հետո նա վաճառեց տախտակները, ապա արձակեց Սիվոնյային ու իր ընկերոջը սայլից, ամրացրեց նրանց լծին կապող շղթան, նրանց դիմաց նետեց մի խուրձ սիմինդրի չորացած ցողուններ, և ուրախ-զվարթ քայլեց դեպի մոտակա պանդոկը մի քանի գավաթ խմիչքով իրեն պարգևատրելու համար։ Քաղաքում տոնախմբություն էր ընթանում, ուստի ամեն կողմից անցնում էին տղամարդիկ, կանայք ու երեխաներ։ Գալոնյան, որը մյուս եզերի շրջանում հայտնի էր որպես հիմար եզ, ոչ մի բանի ուշադրություն չէր դարձնում, փոխարենը՝ նա ամենայն լրջությամբ խորացավ իր ուտելիքի մեջ, կուշտ կերավ, մի երջանիկ զռռոց արձակեց, ապա պառկեց՝ անուշ-անուշ նիրհելով ու որոճալով։ Անցորդներից ոչ մեկը նրան չէր հետաքրքրում։ Նա իր համար հանգիստ նիրհում էր ու որոճում (շատ ափսոս, որ նա մարդ չէր, չէ՞ որ, հաջողված կարիերա կերտելու բոլոր նախապայմանները նրա մոտ առկա էին): Բայց Սիվոնյան մի փոքր անգամ չկարողացավ ուտել։ Նրա երազկոտ աչքերն ու դեմքի տխուր արտահայտությունը միանգամից հուշում էին, որ նա մտածող է, զգայուն ու նուրբ մի արարած։ Նրա կողքով անցնում էին սերբերը՝ մարդիկ, ովքեր հպարտանում էին իրենց փառահեղ անցյալով, իրենց անունով ու ազգությամբ, ու այս հպարտությունը արտացոլվում էր նրանց խիստ վարքագծում ու քայլելաձևում։ Սիվոնյան նայում էր այս ամենին, և նրա հոգին հանկարծ պարուրվեց ցավով ու վշտով՝ տեսնելով այս հսկայական անարդարությունները։ Այդ զգացողություններն այնքան ուժեղ, հանկարծակի ու հզոր էին, որ նա այլևս չկարողացավ դիմադրել դրանց և մի տխուր ու ցավագին բառաչոց արձակեց, իսկ աչքրեը լցվեցին արցունքներով։ Եվ այդ խորը ցավն էլ դրդեց Սիվոնյային մտածել․

– Ինչո՞վ են իմ տերն ու իր հայրենակիցները՝ սերբերը, այսքան հպարտ։ Ինչի՞ համար են նրանք իրենց գլուխներն այդքան բարձր պահում ու իմ ցեղին վերաբերում գոռոզությամբ ու արհամարհանքով։ Նրանք հպարտ են իրենց հայրենիքով, հպարտ են, որ բախտը շռայլ է գտնվել նրանց հանդեպ, ու նրանք ծնվել են այստեղ՝ Սերբիայում։ Իմ մայրն էլ է ինձ այստեղ՝ Սերբիայում, ծնունդ տվել, և Սերբիան միայն իմ հայրենիքը չէ, իմ հոր հայրենիքն էլ է, և իմ նախնիները նույնպես, ինչպես նրանցը, բոլորը միասին հին Սլավոնական հայրենիքից եկել են այս հողերը բնակեցնելու։ Սակայն մեզնից դեռ ոչ մի եզ չի հպարտացել դրանով, մենք միայն հպարտացել ենք նրանով, որ ունակ ենք սարը բարձրացնել չափազանց ծանր բեռներ։ Մինչ այսօր ոչ մի եզ որևէ այլ գերմանացի եզի դեռ չի ասել․ «Օ, ի՞նչ ես ասում, ես սերբ եզ եմ, իմ հայրենիքը փառավոր Սերբիան է, իմ բոլոր նախնիները այստեղից են ծնունդ առել, նույնիսկ իմ նախահայրերի գերեզմաններն են այստեղ՝ այս հողում»։ Աստված ի՛մ, մենք երբեք չենք հպարտացել այս ամենով, նույնիսկ մեր մտքով էլ չի անցել դա անել, իսկ նրանք հպարտանում են դրանով։ Տարօրինակ մարդիկ են։

Այս մտքերով տարված եզը տխրությամբ տարուբերեց գլուխը, որից նրա վզի զանգը զրնգաց, իսկ սայլը ճռռաց։ Գալոնյան բացեց աչքերը, նայեց ընկերոջը ու բառաչեց․

— Էլի դու քո անմտություններով ես տարված։ Կեր, հիմա՛ր, մի քիչ քաշ հավաքիր, տե՛ս, թե ոնց են կողոսկրերդ արդեն դուրս ցցվել։ Եթե մտածելը լավ բան լիներ, մարդիկ չէին թողնի, որ մենք՝ եզներս, դա անենք։ Մենք նման բախտի երբեք չէինք արժանանա։

Սիվոնյան ափսոսանքով նայեց ընկերոջը, գլուխը թեքեց նրանից ու կրկին խուրասուզվեց իր մտքերի մեջ։

– Հպարտանում են իրենց փառահեղ անցյալով․ իրենք Կոսովոյի դաշտ ունեն, Կոսովոյի ճակատամարտ են տեսել։ Զարմացրին։ Չէ որ մեր նախնիները նունիսկ դրանից առաջ էլ զորքի համար սնունդ ու զինամթերք են սայլերով քարշ տվել։ Եթե մենք չլինեինք, մարդիկ ստիպված կլինեին դա ինքնուրույն անել։ Հետո թուրքերի դեմ ապստամբությունը տեղի ունեցավ։ Հզոր ու վեհանձն քայլ էր, բայց ո՞վ էր այնտեղ այդ ժամանակ։ Մի՞թե այս քիթները ցից պահած հիմարներն էին, ովքեր հպարտ-հպարտ քայլում են դիմացովս, կարծես թե, իրենք էին այդ ապստամբությունը բարձրացնողները եղել։ Ահա, օրինակներից մեկն էլ իմ տերն է։ Նա նույնպես այդ հպարտներից մեկն է ու պարծենում է այդ ապստամբությամբ, ու հատկապես այն փաստով, որ իր նախապապն էլ է զոհվել ազատության համար մղվող այդ ճակատամարտում՝ որպես իսկական հերոս։ Բայց նա՞ պետք է դրանով հպարտանա։ Նրա նախապապն ունի իրավունք դրանով հպարտանալու, բայց ոչ նա։ Իր նախապապը զոհվել է, որպեսզի իր ժառանգը՝ իմ տերը, կարողանա ազատ երկրում ապրել։ Իսկ հիմա նա ազատ է ու ինչի՞ համար է օգտագործում իր ազատությունը։ Նա գողանում է ուրիշների տախտակները, նստում է սայլին, և ես պետք է քարշ տամ հա՛մ նրան, հա՛մ էլ տախտակները, իսկ նա այդ ընթացքում իր հանգիստ քունը վայելի սայլի վրա։ Իսկ հիմա նա վաճառել է տախտակները, լիկյոր է խմում ու ոչ մի օգտակար բանով չի զբաղվում, բայց հպարտ է իր փառավոր անցյալով։ Իմ նախնիներից քանի՜ քանիսն են այդպես զոհվել աբստամբության ժամանակ, երբ զորքի համար ուտելիք էին տանում։ Մի՞թե իմ նախնիները այդ ժամանակ պատերազմի դաշտ քարշ չեն տվել զենքեր, թնդանոթներ, սննդամթերք, փամփուշտներ։ Եվ ինչպես տեսնում եք մենք նրանց արածներով չենք պարծենում, մենք չենք փոխվել։ Մենք մինչ այսօր էլ մեր պարտականություններն ենք կատարում, ճիշտ այն նույն համբերատարությամբ ու բարեխղճությամբ, ինչպես մեր նախնիներն են արել։

Նրանք հպարտանում են իրենց նախնիների տանջանքներով և հինգ հարյուր տարի ստրկության մեջ ապրած լինելու փաստով։ Իմ ցեղը իր ողջ գոյության ընթացքում է տանջանքներ կրել, և նույնիսկ այսօր էլ մենք դեռ տառապանքների ու ստրկության մեջ ենք, և չնայած դրան, մենք այդ մասին չենք բղավում մեր ամբողջ ձայնով։ Նրանք ասում են, որ թուրքերը տանջել, կոտորել ու ջարդել են իրենց։ Իսկ իմ նախնիները և՛ թուրքերի կողմից են ջարդվել, և՛ սերբերի։ Նրանք մեզ տապակել են և էլ ինչ տանջանքների ասես, որ չեն ենթարկել։

Նրանք հպարտ են իրենց կրոնով, սակայն ոչնչի չեն հավատում։ Ո՞րն է իմ ու իմ ժողովրդի մեղքը, որ քրիստոնյաները մեզ չեն ընդունում։ Նրանց կրոնական պատվիրաններից մեկն ասում է՝ «Մի գողացիր», իսկ ահա իմ տերը, գողացել է, վաճառել է ու այդ գողացված ապրանքի վաճառքի փողով նստած խմում է։ Նրանց կրոնն ասում է իրենց, որ սիրեն հարևանին, սակայն նրանք իրար միայն վնաս են պատճառում։ Նրանց համար ամենալավ մարդը, առաքինության տիպարը նա է, ով ոչ մի վնաս չի պատճառում։ Եվ, իհարկե, ոչ ոք ոչ ոքի չի էլ խնդրում ինչ-որ լավ բան անել, միայն թե, վատը չանեն։ Ահա, թե ինչ ցածր մակարդակի է հասել նրանց առաքինության մարմնավորումը՝ հավասարվելով մի ինչ-որ անպետ իրի, որը ոչ մի վնաս չի տալիս։

Եզը խորը հոգոց հանեց, և նրա հառաչանքից փողոցում փոշի բարձրացավ։

– Այսպիսով, – շարունակեց եզը իր տխուր մտքերը, – այս դեպքում, ես ու իմ ցեղը սրանցից յուրաքանչյուրից ավելի լավը չե՞նք։ Ես երբեք ոչ ոքի չեմ սպանել, չեմ անարգել, ոչինչ չեմ գողացել, անմեղ մարդուն իր հասարակական ծառայությունից չեմ հեռացրել, պետական գանձարանում պակասորդ չեմ առաջացրել, կեղծ սնանկություն չեմ հայտարարել, երբեք չեմ կալանավորել ու ձերբակալել անմեղ մարդկանց, երբեք իմ ընկերներին չեմ զրպարտել։ Երբեք իմ եզային սկզբունքներին դեմ չեմ գնացել, երբեք կեղծ վկայություններ չեմ տվել, երբեք նախարար չեմ եղել, ու պետությանը երբեք ոչ մի վնաս չեմ հասցրել։ Եվ ոչ միայն ոչ մի վնաս չեմ հասցրել, այլ ընդհակառակը՝ նույնիսկ օգնել եմ նրանց, ովքեր ինձ են վնասել։ Հենց իմ մայրը ինձ կյանք է տվել, չար մարդիկ միանգամից խլել են մորս կաթը ինձնից։ Աստված մեզ համար, գոնե, խոտ էր ստեղծել, որը, ճիշտ է, մարդկանց համար չէր նախատեսված, բայց նրանք նույնիսկ դրանից են մեզ զրկել։ Ու չնայած այդ ողջ տանջանքներին, մենք քարշ ենք տալիս նրանց սայլերը, հերկում ենք նրանց հողերը ու նրանց հացով ենք ապահովում։ Բայց, միևնույն է, ոչ ոք չի ընդունում այն արժանիքները, որոնք մենք ծառայեցնում ենք մեր հայրենիքին։

– Կամ, օրինակ, վերցնենք պաս պահելը։ Կրոնը մարդկանց ասում է, որ նրանք պետք է հետևեն պաս պահելու բոլոր շրջաններին, իսկ նրանք նույնիսկ չեն ուզում դիմանալ պաս պահելու այդ կարճատև փուլին, մինչդեռ ես և իմ ժողովուրդը մեր ողջ կյանքի ընթացքում ենք պաս պահում, սկսած այն պահից, երբ մենք կտրվում ենք մայրական կաթից։

Եզը գլուխը վշտացած կախեց, ապա կրկին բարձրացրեց, զայրացած փնչացրեց և կարծես, ինչ-որ կարևոր բան հիշելով, որը նրան չարչարում էր, հանկարծ աշխուժորեն բառաչեց։

– Ա՜, հիմա հասկացա, պետք է որ այդպես լինի, – և նա շարունակեց մտածելը, – ահա, թե ինչումն է բանը․ նրանք հպարտանում են իրենց ազատությամբ ու քաղաքացիական իրավունքներով։ Ես պետք է դրա շուրջ լրջորեն մտածեմ։

Եվ նա մտածեց, մտածեց, բայց այդպես էլ չկարողացավ գլուխ հանել։

– Ի՞նչ իրավունքներ են դրանք։ Երբ ոստիկանությունը նրանց կարգադրում է քվեարկել, նրանք քվեարկում են, բայց այդ նույն հեշտությամբ, մենք էլ ենք կարողանում բառաչել․ «Հաաա-աա-մաա՜ր»։ Եվ եթե նրանց չեն կարգադրում, նրանք չեն համարձակվի ընտրել, ոչ էլ նույնիսկ կհանդգնեն հետաքրքրվել քաղաքականությամբ, ինչպես մենք։ Նրանք նաև բանտում են տանջանքների ենթարկվում, նույնիսկ երբ լիովին անմեղ են։ Մենք, գոնե, կարողանում ենք բառաչել ու թափահարել մեր պոչերը, նրանք, նույնիսկ, այդ փոքր խիզախությունը չեն կարող դրսևորել։

Հենց այդ մտքերի վրա էր եզը, երբ նրա տերը դուրս եկավ պանդոկից։ Հարբած, երերալով, աղոտ տեսողությամբ, ու ինչ-որ անհասկանալի բառեր դես ու դեն մռթմռթալով, նա շարժվեց դեպի սայլը։

– Հապա՜ մի այստեղ նայեք, ահա, թե ինչպես է այս հպարտ ժառանգը օգտագործում իր ազատությունը, որը վաստակել է իր նախնիների արյան գնով։ Ճիշտ է, իմ տերը հարբեցող է ու գող, բայց ինչպե՞ս են մյուսները օգտագործում այդ ազատությունը։ Պարզապես պարապուրդի մատնվելով և անցյալով ու իրենց նախնիների արժանիքներով պարծենալով․ այն արժանիքներով, որոնցում նրանց մատն այնքանով է խառը, որքանով որ իմը։ Եվ որպես եզներ, մենք մնացել ենք նույնչափ աշխատասեր ու օգտակար աշխատուժ, որքան որ մեր նախնիներն են եղել։ Մենք եզներ ենք, բայց մենք, միևնույնն է, հպարտանում ենք մեր ծանր աշխատանքով ու այսօրվա ունեցած արժանիքներով։

Եզը խորը հառաչեց ու պատրաստեց իր պարանոց լծվելու համար։

 

Բելգրադում, 1902։
«Ռադոյե Դոմանովիչ» ծրագրի համար, թարգմանեց Տաթևիկ Չուխուրյանը, 2021։

Ознаке: , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , ,

About Домановић

https://domanovic.wordpress.com/about/

Оставите одговор

Попуните детаље испод или притисните на иконицу да бисте се пријавили:

WordPress.com лого

Коментаришете користећи свој WordPress.com налог. Одјави се /  Промени )

Фејсбукова фотографија

Коментаришете користећи свој Facebook налог. Одјави се /  Промени )

Повезивање са %s

%d bloggers like this: